Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, Տեսչական մարմնի կառուցվածքային, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառույցի այլ աշխատակիցներ։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող ավելի քան երկու տասնյակ հարց։
Մասնավորապես՝ ներկայացվեց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում գրանցված և տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցած օբյեկտների նկամամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկվեց հանրապետության տարածքում պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող քաղաքաշինական աշխատանքների նկատմամբ վերահսկողական գործառույթների ընթացքը, արձանագրված խնդիրները և խստացված մշտադիտարկման անհրաժեշտությունը։
Ընդգծվեց առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված ինքնակամ շինարարությունների նկատմամբ խիստ վերահսկողական միջոցառումների շարունակական իրականացման կարևորությունը։ Առանձին անդրադարձ կատարվեց հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների եզրերին կառուցված ինքնակամ շինությունների գույքագրման և ՏԻՄ մարմինների հետ համագործակցության հարցերին։
Քննարկվեցին Տեսչական մարմնի գործունեության տարբեր ոլորոտներում իրականացված վերահսկողության արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց կարգավորման նպատակով նորմատիվ իրավական ակտերի փոփոխության և օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտության վերաբերյալ հարցեր։
Խորհրդակցության ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից բոլոր ստորաբաժանումների, այդ թվում նաև մարզային ստորաբաժանումների ղեկավարներին, տրվեցին հանձնարարականներ՝ ուղղված վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը, արձանագրված խնդիրների օպերատիվ լուծմանը և գործընկեր կառույցների հետ համագործակցության զարգացմանը։
Խորհրդակցության ավարտին Գարեգին Խաչատրյանը տվեց մի շարք հանձնարարականներ՝ ևս մեկ ընդգծելով վերահսկողական և կանխարգելիչ աշխատանքների հետևողականության ապահովման խիստ կարևորությունը։