Հուլիսի 8-ին տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։
Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հրդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում։
Փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ համագործակցությունը պետք է ընդգրկի նաև համատեղ իրազեկման ու կանխարգելման բնույթի այլ միջոցառումներ՝ նաև կամավորների ու բնակչության ներգրավմամբ։
Այս համատեքստում ծավալվեց ակտիվ քննարկում։ Մասնակիցները ներկայացրին իրենց համակարգման ոլորտներում ինչպես կատարված, այնպես էլ կատարվելիք բազմակողմանի աշխատանքները։
Քննարկման առարկա դարձան անտառային հրդեհների հնարավոր բռնկման դեպքում ահազանգման օպերատիվությանն ու արագ արձագանքմանը վերաբերող հարցեր, որոնց ճիշտ կազմակերպումն ու իրականացումը կարող է կանխել հրդեհի տարածումը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեցին առաջիկայում կանխատեսվող հրդեհավտանգ եղանակային պայմաններ ունեցող տարածքներում նախապես ուժերի տեղակայմանը, ինչպես նաև այդ տարածքների բնակիչների իրազեկման ակտիվացմանը և՛ շրջայցերի, և՛ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։
Այս առումով վեր հանվեցին գործնական որոշ խնդիրներ, որոնց լուծման համար ներկայացվեցին առաջարկություններ։
Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հատկապես առաջիկա օրերին գեներացնել ջանքերը՝ հնարավոր իրավիճակներին արդյունավետ հակազդելու նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10