ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակում են վերահսկողական այցերը՝ ապահովելու մարզերում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների որակը և դրանց համապատասխանությունը նախագծային պահանջներին։
Մասնավորապես՝ ՏՄ Լոռու տարածքային բաժնի պետ Գոռ Ասրյանը և համապատասխան մասնագետները հերթական վերահսկողական այց են իրականացրել Վանաձորում՝ Վարդանանց փողոցի հիմնանորոգման աշխատանքները ուսումնասիրելու նպատակով։ Տեղում ուսումնասիրվել են շինարարության նախագծային փաստաթղթերը և դրանց կատարման որակը։
Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են փողոցների նորոգման աշխատանքները, որի ընթացքում արձանագրվել են նախագծային շեղումներ ջրահեռացման համակարգի տեղադրման գործընթացում։ Տեղում տրվել է հանձնարարություն ապամոնտաժել շեղումով տեղադրված կառուցվածքները և աշխատանքները շարունակել բացառապես նախագծային փաստաթղթերին համապատասխան։
Ճոճկան գյուղում ուսումնասիրվել են դպրոցի շենքի կառուցման ընթացիկ աշխատանքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել միաձույլ երկաթբետոնե պատերի սեյսմակայունությանը, երկաթբետոնե հատակների և հիմքերի ջրամեկուսացման որակին։
Տեղում իրականացված տեղազննությունների և նախագծային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրված շեղումների ու նախագծային պահանջներին չհամապատասխանող լուծումների հիմքով պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ և պարտադիր կատարման ցուցումներ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նշված օբյեկտներում արձանագրված թերությունները անհապաղ շտկելու նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10