2025 թվականի հուլիսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում քաղաքացու կողմից ստացված բողոքի հիման վրա՝ Շիրակի տարածքային բաժնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Գյումրի քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 20/2 հասցեում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառուցված շինությունը չի ունեցել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից հետո Տեսչական մարմինը գրությամբ դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ ընդգծելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ ենթակետի համաձայն՝ համայնքի ղեկավարը պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կանխարգելել և կասեցնել ինքնակամ շինարարությունը, ապահովել դրանց հետևանքների վերացումը, ընդունել համայնքային հողամասում ինքնակամ կառույցի ապամոնտաժման մասին որոշում և իրականացնել դրա կատարումը, ինչպես նաև իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել վարչական պատասխանատվության։
Արդյունքում՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ինքնակամ շինարարություն իրականացնողը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նրան տրվել է մեկամսյա ժամկետ՝ սեփական ուժերով ապամոնտաժելու կառույցը և վերականգնելու տարածքի նախկին տեսքը։ Իրականացված աշխատանքների արդյունքում համայնքային հողի վրա կառուցված ապօրինի կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10