ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ․

24, Դեկտեմբերի 2019

2019 թ․ նոյեմբեր ամսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգումներ են իրականացվել Տիգրան Մեծի պողոտայի, Վ․ Սարգսյան փողոցի և Երևանյան խճուղում կատարվող շինարարական աշխատանքներում, որի արդյունքում արձանագրվել են մի շարք նախագծի և շինարարական նորմերի խախտումներ։

Տիգրան Մեծի պողոտայում կապալառու «ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հետևյալ խախտումները․։

Մասնավորապես՝ փողոցի տարբեր հատվածներում շուրջ 52 գծամետր երկարությամբ եզրաքարերի նիշի բարձրությունը 5-6 սմ-ով ավելի է մայթի ասֆալտբետոնյա պատվածքի նիշի բարձրությունից, շուրջ 45 գծամետր երկարությամբ հատվածում բազալտից եզրաքարերի ճակատային միացման խոռոչները դատարկ են, եզրաքարերի հետևի բետոնյա միաձույլ կապող գոտին իրականացված է անբավարար որակի։ Անհամապատասխանություններ են հայտնաբերվել մայթի վրա տեղադրված դիտահորի, անձրևաջրերի հեռացման հորի և ասֆալտբետոնյա պատվածքի նիշերի միջև, ինչի պատճառով առաջանում են ջրերի կուտակումներ։ Դիտահորերի կապարիչները անհարթ են տեղադրված, որոնք երթևեկության ժամանակ աղմուկ են հանում։ 

Վ․Սարգսյան փողոցում կապալառու «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հետևյալ խախտումները։ Ամբողջ փողոցի երկարությամբ 18 տեղերում փակված չեն եզրաքարերի հետնամասի խոռոչները, մեկ հատվածում ապահովված չէ ասֆալտբետոնյա ծածկույթի թեքությունը, ինչի արդյունքում գոյանում են ջրափոսեր։ Մայթերի երկաթբետոնյա եզրաշարը՝ մոտ 65 գծամետր երկարությամբ, շեղված է ուղղագիծ դիրքից, փողոցի անձրևաջրերի հեռացման հորերի թվով 3 ճաղավանդակները տեղադրված են նախագծային նիշից ցածր։ Երկու էլեկտրական սյուների նիշերը ցածր են նախագծային նիշից, մեկ տեղում էլեկտրական մալուխները տեղադրված են նախագծային նիշից բարձր, մալուխների խրամուղիները լցված են բետոնյա քարերով։ 

Երևանյան խճուղու կապալատու «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության կողմից թույլ են տրվել հետևյալ խախտումները։ Երկու տեղերում ընդհանուր՝ մոտ 17 գծամետր երկարությամբ բազալտից եզրաքարերը ջարդված են, անջատված են միաձույլ բետոնյա հիմքից և կապող գոտուց։ Երկաթուղային գծանցման հատվածում շուրջ 27 գծամետր երկարությամբ հատվածում ասֆալտբետոնյա պատվածքը անհարթ է, առաջացել են ջրափոսեր։ Դպրոցի դիմաց կառուցված ասֆալտբետոնից արգելանքի բարձրությունը 8-9 սմ․ է նախագծային 7 սմ-ի փոխարեն, թվով 4 թեքահարթակների տեղադրման նիշերը 3-5 սմ-ով բարձր են նախագծայինից։ 

Խճուղու ամբողջ երկարությամբ արտաքին լուսավորության հենասյուների մետաղական տակդիրների նախագծային նիշերը 15սմ-ով բարձր են եզրաքարերի նիշից և բաց վիճակում են, ինչը կարող է մարդկանց համար վտանգ ներկայացնել։ Նշվածի վերաբերյալ նախագծային լուծում չի տրվել։

Երեք փողոցներում էլ տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությունը թույլ է տվել հսկողության կարգերի խախտումներ։ Վերոնշյալ նախագծի և շինարարական նորմերի խախտումների վերաբերյալ շինարարության վարման ընդհանուր մատյանում  գրառումները լիարժեք չեն, ոչ բոլոր թերություններն են արձանագրվել, եղածն էլ թերի է։

Արդյունքում երեք կապալառու կազմակերպությունները, տեխնիկական և հեղինակային հսկողություններ իրականացնող կազմակերպությունը ենթարկվել է պատասխանատվության «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով, նրանց և կառուցապատողին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ սահմանված ժամկետում արձանագրված թերությունները վերացնելու վերաբերյալ, պատասխանատուների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք ձմռան պայմաններում հնարավոր չէ իրականացնել։