ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ «ԷՋՄԻԱԾԻՆ ԲՈՒԱՏ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ․

13, Փետրվարի 2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները 2020 թվականի հունվարի 23-31-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացրել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Էջմիածին Բուատ» ԲԲ ընկերությունում,որն իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ տարբեր ուղղություններով։

Ստուգումների ընթացքում «Էջմիածին Բուատ» ԲԲ ընկերության կողմից՝ ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և իրակնացման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։

Տեսչական ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունում բացակայում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողի կողմից ներմարզային միկրոավտոբուսային թիվ 03-003 Վաղարշապատ-Տարոնիկ, թիվ 03-005 Վաղարշապատ-Այգեշատ, թիվ 03-019 Էջմիածին-Արևաշատ, թիվ 03-020 Էջմիածին- գ. Գրիբոյեդով - գ․ Ապագա և ներմարզային ավտոբուսային թիվ 03-001 Վաղարշապատ-Զվարթնոց, թիվ 03-004 Վաղարշապատ-Ամբերդ, թիվ 03-006 Վաղարշապատ-Գայ երթուղիների սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ երթուղիների ավտեբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագիրը։ 

Հայտնաբերվել է նաև, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողի կողմից սպասարկվող Վաղարշապատ-Երևան միջմարզային թիվ 203 միկրոավտոբուսային երթուղին շահագործվում է երթուղու սպասարկման ուղեգծի վերջնակետի խախտումով։ Տրանսպորտային միջոցների վարորդների նախաուղերթային բժշկական զննումը հավաքակայանում չի իրականացվում։

Արձանագրվել է, որ փոխադրումներ իրականացնողի մոտ սեղմված բնական գազով շահագործվող տրանսպորտային միջոց վարելու վարորդների իրավունքի վկայագրերը և գազի բալոնների ճնշափորձարկման վկայագրերը ժամկետնանց են եղել, իսկ գազավառելիքային սնման համակարգի փորձարկման վկայագրերը առհասարակ բացակայել են։

Արդյունքում՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների կողմից «Էջմիածին Բուատ» ԲԲ ընկերությունում անցկացված ստուգումների ընթացքում արձանագրված տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական պատասխանատվության ենթակա 2 արձանագրություն և ընկերությանը տրվել է 8 կարգադրագիր։