ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 2020 թ․-ին իրականացված ստուգումների և վերահսկողության արդյունքները գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում

16, Փետրվարի 2021

Հողօգտագործման բնագավառում տարեկան ծրագրով նախատեսված էր 2020 թվականի ընթացքում իրականացնել 10 ստուգում, սակայն պայմանավորված  երկրում ստեղծված իրավիճակով  (Covid-19 համավարակ, պատերազմ) կատարվել են միայն 2-ը՝ նախատեսվածի 20%-ը։ 

2020թ. փետրվարի 12-ից 25-ը ներառյալ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի  hողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության  կողմից մարզի համայնքներում ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ իրականացվել է տեսչական ստուգում, որի ընթացքում ստուգվել են նաև մարզի 6 համայնքներ՝ Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ։ Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները 66-ն են։  Ըստ համայնքների խախտումներն ունեն հետևյալ բաշխվածությունը. Գայ՝ 19,  Մյասնիկյան՝ 17,  Մուսալեռ՝ 11,  Պտղունք՝ 8, Ոսկեհատ՝ 7 Այգեկ՝ 4։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված բոլոր համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես՝ չի վարվում հերթապահ կադաստրային քարտեզ, սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։ 

  2020թ. օգոստոսի 12-ից 20-ը ներառյալ տարեկան ծրագրով ՀՀ Արարատի  մարզի Մարմարաշեն համայնքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են  նպատակային նշանակության 6, գործառնական նշանակության 7 և օտարման կարգի 6 խախտումներ։ 

Տարեկան ծրագրով ՀՀ Արարատի  մարզի Սիս համայնքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են  նպատակային նշանակության 3, օտարման կարգի 1 խախտում, 1-ական խախտում էլ թույլ է տրվել դեռևս 2012 թվականի  ապրիլին կառուցված ու 2014թ-ին ձկնաբուծական լճերի նպատակային նշանակությունը փոխելով, օտարման ոչ ենթակա հողամասը օտարելով։ 

Տարեկան ծրագրով ՀՀ Արարատի  մարզի Շահումյան համայնքում  իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են  նպատակային նշանակության 3, գործառնական նշանակության և օտարման կարգի 5-ական, մասնավորեցման ոչ ենթակա հողամասերի օտարման 4 և հանքի ու խճաքարիի մանրման սարքի ապօրինի տեղադրման 1 խախտումներ։

  Տարեկան ծրագրով ՀՀ Արարատի  մարզի Սուրենավան համայնքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են նպատակային նշանակության 4, գործառնական նշանակության 14, օտարման կարգի 5 խախտումներ։ Առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության փոփոխվել է հողամասերի գործառնական  նշանակությունը, ինքնակամ ձկնաբուծական լճեր են  կառուցվել։ 

Բոլոր դեպքերում էլ  Տեսչական  մարմինը պարզել է, որ սխալ է կազմված համայնքի  հողային հաշվեկշիռը, որը հետագայում դառնում է մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։ Ակտերում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով ակտերի ակտերի մեկական օրինակը ուղարկվել է համապատասխան իրավասու մարմիններ:

Ընդհանուր առմամբ ՀՀ Արարատի մարզի 5 համայնքներում իրականացված ստուգումների ընթացքում բացահայտվել է 80 խախտում։ 

Տեսչական մարմին ներկայացված գրության հիման վրա ստուգում է իրականացվել Արարատի մարզի Արգավանդ համայնքում: ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ՔՏՀԱՏՄ ուղղված գրության համաձայն,  ըստ անհրաժեշտության ստուգում է արվել  Աբովյան և Պտղնի համայնքումներում։ Համայնքներում բացահայտվել  են հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու հետ կապված խախտումներ, կազմվել են վարչական ակտեր։ ՀՀ Կոտայքի  մարզպետին միջնորդություն է ներկայացվել՝ համայնքի պաշտոնատար անձանց արձանագրված խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խախտումը ողջամիտ ժամկետում վերացնել համար։ Ստուգումներ են արվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ակունք, Գեղարքունիքի մարզի Սևան,  Զոլաքար, Արմավիրի մարզի Փարաքար, ՀՀ Արագածոտնի  մարզի Թալին, Սյունիքի մարզի Մեղրի, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի  մարզի Կապան համայնքներում։ 

  Տեսչական մարմնի կողմից հողօգտագործման բնագավառում իրականացված ստուգումների 11,1%-ը կազմում են տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները և 88,9%-ը՝ ըստ անհրաժեշտության իրականացվածները: 

Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովից ստացվել և ուսումնասիրվել է հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված 86 հողաշինարարական գործ։ Արդյունքում տրվել է 53 դրական (62%)  և 33 բացասական (38%) կարծիք։

2020 թվականին  իրականացված  ստուգումների վիճակագրությունը վկայել է, որ  հողերի նպատակային նշանակության, գործառնական նշանակության, ապօրինի զավթման, աճուրդների և վարձակալության խախտումները շարունակում են մնալ հիմնական ռիսկային ուղղությունները: