ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացված խորհրդատվական և իրազեկող գործունեության 2020 թվականի վիճակագրություն

17, Փետրվարի 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2020 թ․ ընթացքում խորհրդատվության և իրազեկման   աշխատանքներ է իրականացրել  վերահսկողության հինգ ոլորտների վերաբերյալ։  

Մասնավորապես՝

Տրանսպորտի անվտանգության բնագավառով` Covid-19-ի համավարակի շրջանակներում պատրաստվել է 65 ռեպորտաժ։

Տեսչական մարմինը  տրանսպորտի անվտանգության բնագավառի վերաբերյալ պատրաստել է 4 իրազեկող բնույթի հրապարակում։ Ուղարկվել են թվով 861 նախազգուշացնող բնույթի գրություններ և 1585 ծանուցումներ։ 

Խորհրդատվություն է տրամադրվել 435 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 207 դեպքում (47.6 %)` Տեսչական մարմնի  նախաձեռնությամբ, 228 դեպքում (52.4%)` տնտեսավարող սուբյեկտների կամ քաղաքացիների պահանջով: 

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառով պատրաստվել է 1 իրազեկող բնույթի տեսահոլովակ՝ գազի ներտնային սպասարկման և անվտանգության կանոնների պահպանման կարգի վերաբերյալ: 

Իրավախորհրդատվական աջակցություն է տրամադրվել 324 տնտեսավարողների և քաղաքացիների, ընդ որում 213 դեպքում  (մոտ 65,8%) տնտեսավարողների և քաղաքացիների պահանջով: 

Տնտեսավարողների և քաղաքացիների կողմից տրված հարցերը հիմնականում կապված են ՀՀ տարածքում 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացի հետ։  

Իրազեկելու նպատակով կազմակերպվել է 116 հանդիպում, որից 38-ը (32,7%)՝ Սյունիքի, 36-ը (31%)՝ Արարատի, 24-ը (20,1%)՝ Լոռու և 18-ը (16,2%)՝ Վայոց Ձորի մարզերում: 

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում 2020 թ․ ընթացքում տրամադրվել է խորհրդատվություն թվով 1567 տնտեսավարողների և քաղաքացիների: Կատարված աշխատանքի 68,3% դեպքերում խորհրդատվությունը տրվել է տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների պահանջով: 

Հանրության կողմից առավել հաճախ տրվող հարցերը վերաբերում են հրդեհային և տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների խախտումներին, այդ թվում՝  օբյեկտների միջև հակահրդեհային միջտարածություններին, հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերի առկայության պահանջներին,  կրակմարիչների քանակի հաշվարկին։ Հրդեհների նախականխման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև տնտեսավարողներին տրամադրվել է 670 գրություն: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՔՏՀԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի համագործակցությամբ պատրաստվել է   իրազեկող բնույթի  1 տեսահոլովակ՝  անտառային և հարակից բուսածածք տարածքներում հրդեհների առաջացման, տարածման  վտանգի կանխարգելման թեմայով։ 

Քարտեզագրման և հողօգտագործման բնագավառում 2020 թ․ ընթացքում ըստ անհրաժեշտության  կատարված  ստուգումների հետ միաժամանակ  համայնքների ղեկավարներին և համապատասխան բաժինների պաշտոնատար անձանց տրամադրվել է խորհրդատվություն, որը հիմանականում վերաբերել է  հողային հաշվեկշիռը (բալանսը) ճիշտ կազմելուն, աճուրդների, հողերի նպատակային նշանակությունը փոխելու փաթեթներին, հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգին։  

Քաղաքաշինության բնագավառում  2020 թվականի ընթացքում տրվել է 1753 խորհրդատվություն, որից 1232-ը (70,3%) տրամադրվել է տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների պահանջով: 

Թե՛ 2019, թե՛ 2020 թվականների ընթացքում հանրության կողմից առավել հաճախ տրվող հարցերը վերաբերել են շենք-շինությունների, ինչպես նաև հարակից հողամասերում կառուցվող շենքերի միջև եղած հեռավորություններին՝ հարաչափերին, բնակարանների լուսավորության և ինսոլացիոն հաշվարկներին, պատուհաններից դեպի հարևանի տարածք տեսանելիության հետ կապված հարցերին, կառուցապատողների և հարևան շենքերի սեփականատերերի միջև գրավոր համաձայնությունների հետ կապված հարաբերություններին, շենք շինությունների նպատակային և գործառնական նշանակությյունների փոփոխության հարցերին։