ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱՏՄ կողմից 2021 թվականի 1-ին եռամսյակում պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում իրականացված ստուգումների և վերստուգումների վիճակագրություն

20, Հուլիսի 2021

2021 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում իրականացրել է ստուգումների տարեկան  ծրագրով նախատեսված 1-ական ստուգում Արմավիրի և Արարատի մարզերում՝  յուրաքանչյուր մարզում 3-ական համայնք և  ըստ անհրաժեշտության 1 ստուգում (ընդհանուր՝ 3 ստուգում)։ 

Ստուգումների արդյունքում կազմվել  են 1 տեղեկանք, 6 ակտ և 6 որոշում, որոնցից 5-ը ուղարկվել է համապատասխան իրավասու մարմիններին։ 

2021թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 5-ը ներառյալ ՀՀ Արմավիրի  մարզի Մեծամոր և Էջմիածին քաղաքային ու Այգեվան համայնքներում իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված ստուգում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ: 

Մեծամոր քաղաքային համայնքում՝ ուսումնասիրված փաստաթղթերի և տեղազննությունից  հետո  ՏՄ-ն կազմել է տեղեկանք և համայնքի ղեկավարին տվել ցուցում՝ թերությունները ողջամիտ ժամկետներում վերացնելու վերաբերյալ՝ ելնելով նրանից, որ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ նկարագրված արարքների որակական և քանակական հատկանիշներն իրենց վտանգավորության բնույթով նվազ կարևորություն ունեն։ 

Էջմիածին քաղաքային համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում պարզվել է, որ առկա է հողամասի  նպատակային նշանակության 23, գործառնական նշանակության 7, հողամասի տրամադրման կարգի 3 խախտում,  և հայտնաբերվել է  մասնավորեցման ոչ ենթակա 11 հող։

Այգեվան համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում պարզվել է, որ առկա է հողամասի  նպատակային նշանակության 4 և գործառնական նշանակության 5 խախտում։

Մասնավորապես, համայնքային սեփականություն հանդիսացող 27,14 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասեր առանց սահմանված կարգով  վարձակալության պայմանագրեր կնքելու (առանց նոտարական վավերացման և պետական գրանցման) օգտագործվում են 27 քաղաքացիների կողմից: 

Արմավիրի մարզում նշանակվել է ընդամենը 500 հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ։

2021թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված տեսչական  ստուգում ՀՀ Արարատի մարզի Արարատ, Մասիս և Արտաշատ քաղաքային համայնքներում ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ։

Ըստ այդմ՝ Արարատ քաղաքային համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից  պարզվել է, որ առկա է  հողամասի նպատակային նշանակության 9 և գործառնական նշանակության 11 խախտում։ 

Մասիս քաղաքային համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում պարզվել է, որ առկա է հողամասի  նպատակային նշանակության 12 և  գործառնական նշանակության 8 խախտում։ 5 հողամասեր վաճառվել են՝ առանց հաշվի առնելու համայնքի գլխավոր հատակագիծը, նույնքանն էլ  օտարվել՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու:

Մասնավորապես, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող  հողամասը համայնքին է փոխանցվել որպես դրենաժ և  համայնքի ղեկավարի  որոշմամբ օտարվել է քաղաքացուն։  

Արտաշատ քաղաքային համայնքում  ՏՄ-ն պարզել է, որ  առկա է հողամասի նպատակային նշանակության 10 և գործառնական նշանակության 4 խախտում։

6 հողամաս օտարվել է առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու, նույնքան հողամաս օտարվել է համայնքում սահմանված մեկ հողաբաժնի չափից՝ (0,25 հա) պակաս մակերեսով։ Գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասեր: 6 հողամաս համայնքն օտարել է որպես ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում չընդգրկված հողամաս,  այն դեպքում, երբ դրանք կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 33-Ն որոշման հիմքով՝ իրենցից ներկայացնում են հասարակական օգտագործման կանաչ տարածք, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։ Դրանց իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով ակտի մեկ օրինակը ներկայացվել է համապատասխան իրավասու մարմին: 

Արարատի մարզում նշանակվել է վարչական տույժի ընդհանուր չափը  1.050․000 ՀՀ դրամ է։ 

Արմավիրի և Արարատի մարզերում  նշանակվել է  1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ։

2021թ․ առաջին եռամսյակում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների ժամանակ հայտնաբերվել է 165 խախտում, որից՝ 44-ը՝ Էջմիածնում, Այգեվանում՝ 36,  Արտաշատում՝ 32,  Մասիսում՝  31, Արարատում՝ 22։  

Ըստ անհրաժեշտության  ստուգում է իրականացվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից ստացված գրություններում նշված խնդիրների, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Ստուգման արդյունքում կազմվել են  ակտը և Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը։ 

ՀՀ հողային օրենսդրության պահանջների վերոնշյալ բոլոր խախտումներին  իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց  պատասխանատվության ենթարկելու նպատակով  կազմված ակտերի  մեկական  օրինակները  ներկայացվել  են  համապատասխան իրավասու մարմին: 

Նշենք, որ 2021 թվականի  1-ին եռամսյակում կատարված ստուգումների 33,3 %-ը կատարվել է ըստ անհրաժեշտության, իսկ 66,7%-ը նախատեսված էր ստուգումների տարեկան ծրագրով։ Ստուգված բոլոր համայնքներում իրականացվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։