ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ԻՐԱԶԵԿՈՒՄ

29, Հոկտեմբերի 2019

Կենցաղում գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ են հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:

Անցանկալի դեպքերից և դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է դրսևորել զգոնություն և գազով գործող կենցաղային սարքավորումների շահագործման ժամանակ խստորեն պահպանել ստորև ներկայացվող պահանջները:

  • Ժամկետանց, տեխնիկական անսարքություններ ունեցող գազաբալոնները պետք է ենթարկվեն ստուգման մասնագիտացված ծառայությունների կողմից: 
  • Արդեն փորձարկված բալոններն անհրաժեշտ է տեղավորել գազօջախից, ջեռուցման մարտկոցներից և տաքացման այլ պարագաներից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 
  • Մինչև գազաբալոնի փորձարկումը պետք է ստուգել օդափոխության հորանում քարշի առկայությունը, իսկ բալոնը շահագործել միայն կարգավորիչ փականի` ռեդուկտորի առկայության դեպքում: 
  • Կենցաղային նշանակության գազի պարագաները բալոնի ռեդուկտորին միացվում են միայն 6-10 կգ/սմ2 աշխատանքային ճնշման համար նախատեսված ռետինե փողրակներով, որոնք պետք է լինեն մեկ ամբողջական կտորից և ունենան մինչև 10 մ երկարություն: 
  • Փողրակների կցամիացումների համար կիրառելի են միայն պողպատյա, գործարանային տեսակի ճարմանդներ:

Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում մեր քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, երբեմն էլ անդառնալի հետևանքներ են ունենում:

Պահպանելով կենցաղային գազաբալոնային սարքավորումների հրդեհային անվտանգության կանոնները, դուք կխուսափեք հրդեհից, պայթյունից և դրանց աղետալի հետևանքներից: