ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԻՐԱԶԿՈՒՄ ինքնակամ կառույցներին առնչվող և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մասին

07, Հունվարի 2022

Ուժի մեջ են մտել ինքնակամ շինություններին առնչվող օրենսդրական փոփոխությունները (ՀՀ քաղաքացիական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ, Քրեական, Հողային, Վարչական դատավարության օրենսգրքեր, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներ), որոնց համաձայն 06.01.2022թ-ից հետո ինքնակամ կառուցված ոչ մի շինություն չի օրինականացվելու։ 

2021թ-ի հունվարի 1-ից մինչև 2022թ-ի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար անհրաժեշտ է  հունվարի 15-ից մինչ մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ հունվարի 5-ին հաստատված ՀՀ կառավարության  14-Ն որոշմամբ ընդունված հաշվառման կարգի համաձայն: 

Հաշվառում պետք է իրականացնել հետևյալ կարգով և ժամկետներում՝

Հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: 

Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: 

Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով: 

Ժամկետների մասին․

 մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը,

 մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ հաշվառել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

 մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Հավելենք, որ հաշվառումը դեռևս ինքնակամ կառույցի օրինականացում չի ենթադրում։