2026 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի և Արազ Պապիկյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ։ Այցի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավար կազմը՝ Տավուշի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Սիմոնյանի և ոլորտային մասնագետների ուղեկցությամբ, շրջայց է կատարել Դիլիջան համայնքի Գոշ և Աղավնավանք բնակավայրերում՝ տեղում ուսումնասիրելու պետական ծրագրի շրջանակներում նոր կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև դիտարկել է Դիլիջան քաղաքում սուբվենցիոն ծրագրով կառուցվող հենապատերի շինհրապարակները։
Վերահսկողական այցի գլխավոր նպատակն էր տեղում ուսումնասիրել պետական միջոցներով իրականացվող շինարարության համապատասխանությունը քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության գործող նորմերին։
Շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարությունը և մասնագետները ծանոթացել են Գոշ և Աղավնավանք բնակավայրերում կառուցվող դպրոցների շինարարության ընթացիկ փուլին: Իրականացված մասնագիտական դիտարկումների արդյունքում դպրոցների շինհրապարակներում արձանագրվել են շինհրապարակի պատշաճ կահավորման նորմերի խախտումներ: Միևնույն ժամանակ, Դիլիջան քաղաքի հենապատի կառուցման աշխատանքների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են հաստատված նախագծից շեղումներ։
Արձանագրված խախտումների հիմքով՝ Տեսչական մարմնի ղեկավարը շինարարության պատասխանատուներին տեղում տվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ վերացնելու առկա թերությունները և շինարարական աշխատանքներն իրականացնել բացառապես գործող նորմատիվ-իրավական ակտերի և քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան: Հաշվի առնելով պետական նշանակության և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող օբյեկտների կարևորությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումներին միաժամանակ հանձնարարել է նշված աշխատանքների նկատմամբ իրականացվող խիստ վերահսկողությունը դարձնել պարբերական՝ ապահովելով շինարարական գործընթացի անխափան ու անվտանգ ընթացքը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10