ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ.Սարգսյանի» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոց 2/6 հասցեում «Պրեստիժ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոց, 66 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս.Աբրահամյանի» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 1/3 հասցեում՝ «Լ.Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։ Նշված լցակայաններում Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10