2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հանութագրման) և հողաշինարարության գործունեության բնագավառներում բացահայտվել են որակավորում ունեցող անձանց կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են ինչպես տեխնիկական պահանջների անտեսմանը, այնպես էլ իրական տվյալների խեղաթյուրմանը։
ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ, ինչպես նաև Աբովյան և Նոր Հաճն (Նոր Արտամետ) համայնքների տարածքներում իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Արձանագրվել են դեպքեր, երբ որակավորում ունեցող անձանց կողմից չափագրման և հողաշինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության N 1028-Ն և N 1188-Ն որոշումների պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝ չափագրումներն իրականացվել են ՀՀ կադաստրի կոմիտեում չհաշվառված գործիքներով, ինչպես նաև հողամասի հատակագծում շինություններով ծանրաբեռնված հողամասերը արտացոլվել են որպես չծանրաբեռնված հողամասեր։
Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը և դրանց հնարավոր իրավական հետևանքները՝ Տեսչական մարմինը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կադաստրի կոմիտեին՝ օրենքով սահմանված կարգով նշված մասնագետների որակավորման վկայականների գործողությունը կասեցնելու միջնորդությամբ:
Արդյունքում՝ 2 դեպքով որակավորման վկայական ունեցող անձանց գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամկետով, իսկ 1 դեպքով՝ չհաշվառված գործիքներով աշխատանքների իրականացման մասով, մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել է զգուշացում՝ աշխատանքային գործիքների պարտադիր հաշվառման անհրաժեշտության վերաբերյալ:
Եվս 2 դեպքով նոր միջնորդություններ են ներկայացվել Լիազոր մարմնին՝ կրկին չափագրողների որակավորման վկայականների գործողության նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցի կիրառման նպատակով։
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության բնագավառներում իրականացվող յուրաքանչյուր գործունեություն պետք է անվերապահորեն համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և տեխնիկական նորմերին։
Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը հորդորում է որակավորում ունեցող բոլոր մասնագետներին ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և մասնագիտական բարեխղճություն, քանզի հանութագրման ցանկացած սխալ, անճշտություն կամ տվյալի խեղաթյուրում ուղղակիորեն խաթարում է պետական և համայնքային սեփականության անձեռնմխելիությունը և կարող է հանգեցնել օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության միջոցների կիրառման։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10