ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի Հրաչյա Քոչար 228/2 հասցեում «Արմեն Մուրադյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտում, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Էջմիածին-Մարգարա խճուղի 12 և 12/1 հասցեներում «Առաջին Ծիծեռնակ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) լցակայանում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոց, 2/5 հասցեում «Լի Գազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալցավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոց, 2/8 հասցեում «Ռոբերտ Գաջարյան Սերգեյի» ԱՁ-ի կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետում։
Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված բոլոր հասցեներում շահագործվող օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկային կյանքի անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնելու տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, ավտոգազալցավորման ճնշակայանի, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Հավելենք նաև, որ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում՝ արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող նշված լցակայանները և ավտոտեխսպասարկման կետը կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10