Հարգելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմավորման ութամյակի կապակցությամբ։
Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր՝ մենք միասին անցել ենք բարդություններով ու պատասխանատվությամբ լի, սակայն միևնույն ժամանակ չափազանց կարևոր ու արժեքավոր ճանապարհ։
Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ մեր առօրյա աշխատանքն ուղղակիորեն առնչվում է հանրության անվտանգությանը, ուստի ակնհայտ է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների նկատմամբ պետական վերահսկողության իրականացումն անխուսափելիորեն կարող է ուղեկցվել օբյեկտիվ բարդություններով, դիմադրությամբ ու բազմաթիվ մարտահրավերներով։ Եվ հենց այդ դժվարությունների հաղթահարումն է, որ պահանջելով մեծ ջանքեր, անձնվեր աշխատանք ու մասնագիտական համառություն, հաստատուն հիմք է դառնում վերահսկողության բոլոր ուղղություններում դրական առաջխաղացման և նորանոր ձեռքբերումների համար։
Ինձ համար այս պատասխանատու առաքելության մեջ անկյունաքարային է Տեսչական մարմնի՝ որպես պետական կառույցի և քաղաքացու միջև ձևավորված կառուցողական երկխոսությունն ու փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը:
Որպես Տեսչական մարմնի ղեկավար՝ իմ պաշտոնավարման այս տարիների ընթացքում իմ գլխավոր խնդիրն ու նպատակն եմ համարել նպաստել այնպիսի աշխատանքային մշակույթի արմատավորմանը, որ քաղաքացին՝ ի դեմս Տեսչական մարմնի տեսնի օրենքն ու օրինականությունը պահպանող, հանրային անվտանգության ապահովման համար սրտացավ ու պատասխանատու գործընկերոջ։
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ վերահաստատել, որ թե՛ ինձ, թե՛ Տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակցի համար բացարձակ առաջնահերթություն է եղել և մնում ցանկացած բացասական և ապօրինի երևույթի կանխարգելումը, լայնածավալ իրազեկման աշխատանքների իրականացումը և միայն այդ ամենից հետո՝ որպես վերահսկողություն իրականացնող մարմին, համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը։
Մեր լիազորությունների շրջանակում մարդու կյանքի ու անվտանգության ապահովումը գերակա արժեք է, ինչը մեզանից պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք, ուժերի գերլարում, բարձր զգոնություն և անաչառություն։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ այս ամենը մեզ հաջողվել է և հաջողվում է կյանքի կոչել փոխադարձ հարգանքի, վստահության և փոխօգնության առողջ աշխատանքային մթնոլորտում:
Սիրելի՛ գործընկերներ,
Տեսչական մարմնի կազմավորման ութամյակն ամփոփելիս՝ մենք քաջ գիտակցում ենք, որ օրենքով մեզ վերապահված ոլորտներում դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ և հեռանկարային ծրագրեր։ Վստահ և լիահույս եմ, որ Տեսչական մարմինը՝ որպես մեկ միասնական և հզոր թիմ, շարունակելու է իր առաքելությունն իրականացնել նույնպիսի անսպառ եռանդով, պատասխանատվության բարձր զգացումով և սեփական գործին անվերապահ նվիրումով։ Մեր բոլոր ոլորտներում հաստատուն օրինականության և անվտանգության միջավայրի երաշխավորումը մեծապես կախված է լինելու բոլորիս համատեղ, թիմային ու անաչառ աշխատանքի շարունակականությունից։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին՝ ամենօրյա սրտացավ ևպատասխանատու աշխատանքի համար։
Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տեսչական մարմնի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մաղթում եմ մեզ և մեր երկրին խաղաղություն, կայունություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր պետության հզորացման և հասարակության անվտանգության ապահովման։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10